ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մենք հրամայողի դեր չենք կարող ունենալ, քանի դեռ ուժեղ չենք»

«Մենք հրամայողի դեր չենք կարող  ունենալ, քանի դեռ ուժեղ չենք»
28.06.2013 | 11:55

«Իրատես de facto»-ի հյուրն է թարգմանիչ, գրականագետ ՄԱՐՈ ՄԱԴՈՅԱՆ-ԱԼԱՋԱՋՅԱՆԸ, ում թարգմանությամբ «Անտարես» հրատարակչությունը 2012 թվականին լույս է ընծայել թուրք գրող Էլիֆ Շաֆակի մեծ աղմուկ հանած «Ստամբուլի ընկեցիկը» վեպը: Մեր զրույցն այդ վեպի ու դրանում արծարծվող խնդիրների շուրջ է:

«ԽՈՍՏՈՎԱՆԵՆՔ, ՈՐ ՄԵՆՔ ՄԵԶՆԻՑ ԱՅՍՕՐ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ
ՉԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ
ԿԱՐԵՎՈՐԵՆ ՄԵԶ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
-Տիկին Մարո, կարդալով «Ստամբուլի ընկեցիկը», ես ակամա սկսեցի կասկածել, որ այդքան հայամետ գրողը կարող է զտարյուն թուրք լինել: Դուք չե՞ք ունեցել նման կասկածներ:
-Ամենևի՛ն: Եկեք մեր արյունը ստուգենք: Տեսնենք` մե՞նք ինչքանով ենք զտարյուն հայ: Բոլորիս մեջ էլ ինչ-որ ուրիշ արյուն կա: Այսօր աշխարհում չկա այնպիսի մի ժողովուրդ, որ կարողանա ասել, թե ինքը զտարյուն է: Հրեան իր արյան մեջ ամեն ազգի արյուն խառնել է, բայց ով ասում է, թե ինքը հրեա է, իսկապես հրեա է: Արյունը չէ, որ նրան հրեա է դարձնում: Մտածելակերպն է, որ հրեա է դարձնում: Մենք այնքան ենք ատում մեր թշնամուն, որ եթե նրա մեջ լավ բան ենք տեսնում, չենք ուզում մեր տեսածին հավատալ: Էլիֆ Շաֆակն ասում է, որ ինքը զտարյուն թուրք է: Եվ դա այդպես է: Մեր մեծերը շատ բան են մեզ փոխանցել անցյալի պատմությունից: Բայց մենք պատմությունից ծաղկաքաղ ենք անում: Ընտրում ենք այն, ինչ մեզ համար շահեկան է, օգնում է մեր պայքարին: Իսկ ինչը մեզ համար օգտակար չէ, դրանից հրաժարվում ենք: Շիրազը միշտ ասում էր, որ թուրքը մնում է թուրք, որ նա մեր թշնամին է: Իր ապրած ժամանակ դա ճիշտ էր հնչում: Իսկ այսօր պետք է վերանայել այդ մտքերը: Մանավանդ, որ մենք այսօր թուրքերի հետ չենք կարող մրցել: Այն պարզ պատճառով, որ չենք կարողացել մեր երկրում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ հայերը ձգտեն գալ Հայաստան: Ինչքան պակասել ենք, այնքան ավելի թուլացել ենք: Մենք նախ և առաջ քանակով ենք զիջում Թուրքիային: Ես եղել եմ Թուրքիայում և տեսել, որ այդ ժողովուրդն այսօր ուրիշ նպատակներ ունի: Նրանց նպատակը մեզ հետ պայքարի մեջ մտնելը չէ: Եկեք խոստովանենք, որ մենք մեզնից այսօր ինչ-որ բան չենք ներկայացնում, որ նրանք կարևորեն մեզ հետ ունեցած խնդիրները:
-Բայց, այդուհանդերձ, թուրք հանրահայտ մտավորական Էլիֆ Շաֆակը կարևորել է մեզ հետ հարաբերությունների խնդիրը և գրել «Ստամբուլի ընկեցիկը»: Ավելին, արել է դա` վտանգելով իր անձը: Բազում պատկառելի մրցանակների արժանացած գրողը այս վեպի պատճառով կանգնել է դատարանի առաջ` 301 հոդվածի մեղադրանքով: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Թուրքիան շատ կարևորում է Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու, դրա պատասխանատվությունն իր վրայից գցելու հարցը:
-Անշո՛ւշտ, ամեն Ապրիլի 24-ի մենք թուրքերին հիշեցնում ենք, թե ինչ է կատարվել 1915 թվին: Իսկ 301 հոդվածը պարզորոշ ասում է, որ «ցեղասպանություն» բառն արդեն իսկ վիրավորում է թրքությունը: Թրքությունը վիրավորելն օրենքով դատապարտվում է այդ երկրում: Էլիֆ Շաֆակն ասում է, որ շատ օրենքներ Թուրքիայում ստեղծվել են, որ նպաստեն երկրի առաջընթացին, բայց այդ օրենքների հստակ չլինելու պատճառով առաջադիմություն գրանցելու փոխարեն երկիրը հետադիմում է: Եվ 301 հոդվածն այդպիսիներից մեկն է: Թուրք կառավարությունն իրականում ուզում է դեպի դեմոկրատիա գնալ, և դրա ապացույցը Թուրքիայում վերջին տարիներին կատարված իրադարձություններն են: Ամբողջ մի ժողովուրդ ոտքի կանգնեց և հայտարարեց, որ ինքը Հրանտ Դինքն է: Սա մեկ մարդ չարեց, արեց մի ամբողջ ժողովուրդ: Եվ նրանց նպատակը մարդկային իրավունքների պաշտպանությունն էր: Հրանտ Դինքը միշտ ասել է, որ ինքը մարդու իրավունքներն է պաշտպանում, ոչ թե միայն հայերի իրավունքները, որ ինքը նույն կերպ թուրք ժողովրդի իրավունքների պաշտպանն է: Եթե մարդու իրավունքները պաշտպանված լինեն, եթե երկիրը գնա դեպի դեմոկրատացում, հասարակությունն ավելի գիտակից կդառնա, մենք կարիք չենք ունենա դիմելու իրենց արմատական շահերը հետապնդող խոշոր տերություններին` մեզ պաշտպանելու համար: Ինչքա՞ն կարելի է այս կարգավիճակն ունենալ աշխարհում: Մենք հրամայողի դեր չենք կարող ունենալ, քանի դեռ ուժեղ չենք: Ինչքա՞ն խնդրենք, աղաչենք Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային, որ գան մեզ պաշտպանեն, մատ թափ տան մեր թշնամիների վրա: Վերջին հաշվով, մեր սերունդները մեզնից կխռովեն ու կհեռանան: Մենք պետք է կարողանանք ինքնասիրություն և հպարտություն ցուցաբերել, ինչպես դա կարողանում են անել շատ փոքր ժողովուրդներ, երկրներ, օրինակ` Վրաստանը: Մարդիկ կարողանում են իրենց հպարտ պահել: Մե՞նք ինչու չենք կարողանում, մե՞զ ինչ է պատահել: Ինչո՞ւ մենք պիտի անընդհատ դիմենք խոշոր տերություններին, նրանք էլ մեզ զինեն, զինեն նաև Ադրբեջանին, ու մենք հուր-հավիտյան իրար սպանենք: Ինչքան շատ սպանենք, այնքան խոշոր տերությունների համար լավ: Իսկ Էլիֆ Շաֆակի ու նրա նմանների ցանկությունն է, որ մենք որևէ բանով չսահմանափակենք ինքներս մեզ, չպարփակվենք մեր ազգային, կրոնական նեղ տիրույթներում: Եթե մարդն իրեն ինչ-որ սահմանափակումների է ենթարկում, չի կարողանում հասկանալ դիմացինին, հասու լինել նրա խնդիրներին: Էլիֆ Շաֆակը ձգտում է իր մտածելակերպը հասանելի դարձնել ամբողջ աշխարհի մարդկությանը:

«ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍԻՍ ՍԱՐԸ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՈՒՆՔ Է, ԻՍԿ
ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՆ ԽՈՐՔ Է»
-«Ստամբուլի ընկեցիկը» վեպում սյուժետային մի շարք գործողություններ կատարվում են Ստամբուլի Կաֆե Կունդերայում, որտեղ հավաքվում է բոհեմը: Սա Էլիֆ Շաֆակի համամարդկային բովանդակության իդեալների տարա՞ծքն է, ըստ Ձեզ:
-Չէի ասի, որ այդքան խոր ասելիք կա Կաֆե Կունդերայի հատվածներում: Բայց ինչ-որ տեղ այդ սրճարանում նեղ ազգայնական, կրոնական սահմանները վերանում են: Բոլորն այդտեղ համարձակ կարողանում են արտահայտվել: Հիմնականում հավաքվում են մտավորականներ, որոնք, ի վերջո, ազատ մարդիկ են: Բայց և նրանց մեջ կա կեղծ կերպար` «ՈՒլտրա-ազգայնամոլ ֆիլմերի ապազգային սցենարիստը», որը ներկայանում է իբրև ոչ ազգայնական, բայց իրականում այլ բնույթի բաներ է գրում: Մեզանում էլ այդպիսի երևույթներ շատ կան, և մենք կարող ենք այդ բոլոր տեսարանները փոխադրել Երևան ու նկարագրել իբրև երևանյան երևույթներ: Հենց սրճարանի անունն արդեն ծաղր է: Կունդերան հանրահայտ գրող է, որի անունն անգամ չի լսել սրճարանի տերը, բայց նրա անունով է կոչել իր սրճարանը: Արդեն զավեշտալի է: Նույնը կատարվում է և մեզանում:
-Հասկանում եմ, որ Հրանտ Դինքի անունը պատահաբար չհիշատակեցիք: Էլիֆ Շաֆակը և Հրանտ Դինքը բարեկամներ են եղել: Ի՞նչ կպատմեք այս բարեկամության մասին:
-Բարեկամության մանրամասներին ծանոթ չեմ: Բայց ես գիտեմ, թե ինչ հայացքներ ուներ Հրանտը: Այդ հայացքներին համամիտ էին նաև Էլիֆ Շաֆակը, Օրհան Փամուկը, այլ մտավորական թուրքեր: Հատկապես ուզում եմ հիշատակել թուրք մի լրագրողի` Էջե Թեմելքուրանին, որին Հրանտը միշտ հորդորել է գրել ցեղասպանության մասին: ՈՒ նա Հրանտի մահից հետո հրատարակել է «Խոր լեռ» վեպը` նկատի ունենալով Մասիս սարը: Նա շրջագայել է շատ տեղերում, իսկ վերջին կայանը եղել է Սիլվա Կապուտիկյանի բնակարանը: Նա ներկայացնում է իր և հայ բանաստեղծուհու զրույցը, որի ընթացքում ինքը հարցրել է, թե ինչո՞ւ ենք մենք` հայերս, այդքան սիրում Մասիսը: Սիլվա Կապուտիկյանը պատասխանել է, թե թուրքերի համար Մասիս սարը միայն բարձունք է, իսկ հայերի համար այն խորք է, որովհետև հայերի սրտերը դրա ստորոտում են թաղված, այդ պատճառով էլ Մասիսին նայելիս հայերը միայն բարձունքը չեն տեսնում, նաև խորքն են տեսնում, որում թաղված են իրենց սրտերը: Հենց այստեղից է ծնվել գրքի վերնագիրը` «Խոր լեռ»: Այս լրագրողի ու Հրանտի մտածելակերպը նույնն է: Նույնն է նաև Էլիֆ Շաֆակի մտածելակերպը: «Ակոսի» խմբագրատանը ես հյուրընկալվել եմ, հանդիպել Հրանտի դստերը, փեսային, աշխատակիցներին, իմացել, որ Էլիֆ Շաֆակը շատ հաճախ է եղել այնտեղ: Հրանտ Դինքի մահից մեկ ամիս հետո Շաֆակը հարցազրույց է տվել Ամերիկայում, ու նրա ձայնի մեջ այնպիսի ահավոր տխրություն կա, որ հնարավոր չէ բառերով արտահայտել: Նա նաև վախենում է իր կյանքի համար: Հրանտին սպանողները ծայրահեղականներն են: Եվ նրանք նույն հաջողությամբ կարող են սպանել նաև Էլիֆ Շաֆակին: Դրանք ծայրահեղ ազգայնականներ են, ծայրահեղ մահմեդականներ, որոնք ցանկանում են Թուրքիան մաքրել ազգային, կրոնական փոքրամասնություններից ու կանգ չեն առնում ոչնչի առաջ: Դրանց բոլորին կանգնեցնել հնարավոր չէ, և նրանցից զգուշանում են նաև թուրք առաջադեմ մտավորականները: Այդ պատճառով էլ Էլիֆ Շաֆակը երկար ժամանակ թաքնվում էր, հիմա էլ թիկնապահներով է շրջում:

«ՍՏԱՄԲՈՒԼՆ ԱՅՍՕՐ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԷ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՆՏԵՂ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԸ»
-«Ստամբուլը քաղաք չէ… Արտաքինից քաղաքի նման է, սակայն ինքը քաղաք չէ: Սա մի քաղաք-նավ է… այստեղ բոլորս ուղևորներ ենք, խումբ-խումբ գալիս ենք ու գնում…»,- ասվում է վեպում: Այս նավ-քաղաքի համապատկերում, ի վերջո, ծայրահեղականնե՞րն են գերակշռող ուժը ներկայում, թե՞ Էլիֆ Շաֆակի նմանները:
-Պատկերացրեք, որ Թուրքիայում մեծ մասը ձգտում Է առաջադիմել, լինել եվրոպական երկիր: Ծայրահեղականները մեծ տոկոս չեն կազմում:
-Հենց այս օրերին Թուրքիայում պայթել է ապստամբության մեծ ալիք: Սա թուրք հասարակության յուրօրինակ արձագա՞նքն է Էլիֆ Շաֆակի ու նրա նման մտածողների գաղափարներին:
-Այո՜: Ես հավատում եմ խոսքի ուժին: Այն, ինչ օրենքներով, քաղաքականությամբ չես կարող ժողովրդի մեջ սերմանել, գեղարվեստական մտածողությամբ, գեղարվեստական խոսքի ուժով կարող ես շատ արագ անել: Էլիֆ Շաֆակը նկատում է, որ Թուրքիայում շատ տարբեր մարդիկ կան, որոնք իրար հետ հաց անգամ չեն կիսում, բայց նույն այդ մարդիկ կողք կողքի հերթ էին կանգնել «Ստամբուլի ընկեցիկը» վեպի շնորհանդեսի ժամանակ, որ ինքը մակագրի նրանց գրքերը: Այսինքն` այդ գիրքը միավորում է մարդկանց, փոխում նրանց մտածելակերպը: Եվ ես հենց այդ հույսով անգլերենից թարգմանեցի Էլիֆ Շաֆակի վեպը, որպեսզի մենք էլ կարողանանք ճանաչել թուրքերին: Կարևոր բան է թշնամուն ճանաչելը: Հայաստանում թուրքերին ճանաչում են ցեղասպանության պատկերներով: Այնինչ այսօր ուրիշ Թուրքիա է: Նախ մենք պետք է մեր թշնամուն ճանաչենք, ապա` ինքներս մեզ: Մենք մեզ էլ չենք ճանաչում: Էլիֆ Շաֆակի նմանները պիտի մեզ օգնեն այս հարցում: ՈՒզում եմ նաև հիշատակել ամերիկահայ գրող Մարկ Մուսթյանի «Ժանդարմ» ստեղծագործությունը, որում պատմվում է ցեղասպանության ժամանակ ժանդարմ եղած մի թուրքի մասին, որն արդեն ծեր է, բայց չի կարողանում հաղթահարել այն բարդույթը, որ ինքը 16 տարեկանում ստիպված է եղել դառնալու 1915-ի դահիճներից մեկը: Մենք երբևէ չենք մտածել, որ թուրքն էլ է մարդ, որ նա ընդամենը հրաման է կատարել ու հետագա ամբողջ կյանքում տանջվել է իր արածի համար:
-Այսինքն` Հայոց ցեղասպանությունը բարդույթի է վերածվել ոչ միայն հայ, այլև թո՞ւրք ժողովրդի համար:
-Անշո՛ւշտ: Եվ Շաֆակը հարց է բարձրացնում. «Ինչքանո՞վ է այսօրվա թուրքը պատասխանատու իր պապերի արածի համար»: Մենք այսօր մեզ շա՜տ շատ վիրավորող, մեզ ամենահետին ձևով ստորացնող այլ ազգերին ու երկրներին չենք համարում թշնամի, չենք ատում, պատիվ չենք պահանջում, իսկ թուրքին, որը կարող է մեզ լավ վերաբերվել, համարում ենք թշնամի, հենց մի թուրք ենք տեսնում, նրանից մեր հողերն ենք պահանջում: Ասում ենք` թուրք, ու հասկանում միայն Թալեաթ փաշա: Բայց այդպես չէ: Մենք սխալ պատկերացում ունենք Ստամբուլի մասին: Բոլոր օտար քաղաքներում ապրող հայերին մենք համարում ենք սփյուռքահայ, բայց ստամբուլցիները սփյուռքահայ չեն: Նրանք իրենց սփյուռք չեն համարում:
-Ինչպես դա լավագույնս ներկայացված է Շաֆակի վեպի կերպարներից մեկի` Արամի օրինակով:
-Այո՛, ճիշտ եք: Ստամբուլի հայերը այդ քաղաքը համարում են իրենց հայրենիքը: Ինչո՞ւ մենք խանգարենք նրանց այդպես համարել: Մարդիկ իրենց սերունդներով 600 տարի ապրել են այդտեղ, ինչպե՞ս ասենք, որ դա իրենց հայրենիքը չէ, Թուրքիա է: Ստամբուլը, Թուրքիան հայրենիք են համարում շատ ոչ թուրքեր` հայեր, հրեաներ, քրդեր: Թուրքերն են հիմա իշխանության ներկայացուցիչները, բայց վաղը դա կարող է փոխվել: Եթե մենք ուզում ենք վաղը, մյուս օրն ինչ-որ բան հետ բերել, դա միայն տվյալ տեղում ապրելով, բազմանալով է, որ պիտի կարողանանք: ՈՒրիշ տարբերակ չկա: Մենք չենք կարող մեր պապական հողերի վրա ապրող 30 միլիոն քրդերին ասել, որ հեռանան այդտեղից, որովհետև դրանք մեր հողերն են եղել մի ժամանակ: Աշխարհը գլոբալ է: Դեմոգրաֆիան ողջ աշխարհում փոխվում է: Կալիֆոռնիայում այսօր հայերը մեծամասնություն են: Շատ նահանգներում չինացիներն են գերակշռում: Վաղը Ամերիկան կարող է հետ մնալ Արևելքից: Մենք պիտի այս բաների մասին մտածենք, կարողանանք մրցունակ լինել մեր մտքով, մեր կարողություններով: Այնինչ հիմա այդպիսին չենք:
-Վեպում կարևոր մետաֆոր է աշուրեն (ashure):
-«Ashure»-ի միջոցով Շաֆակը փորձում է ցույց տալ Ստամբուլի նկարագիրը: «Ashure»-ն տարբեր համեմունքներով է պատրաստվում: Եթե դրանցից որևէ մեկը բացակայեց, «Ashure»-ն կատարյալ չի լինի: Այդպես էլ Ստամբուլն այսօր կատարյալ չէ, որովհետև այնտեղ պակասում են հայերը: Այն տները, որտեղ նախկինում հայերն են ապրել, հիմա չկան կամ ուրիշներին են պատկանում: Սա խախտել է Ստամբուլի նկարագիրը: Հրանտ Դինքն ասում էր, որ ուզում է կամուրջ լինել հայերի ու թուրքերի միջև: Ինչո՞ւ ենք այս խոսքերը մոռանում: Մեր միակ փրկությունը մեր բոլոր հարևանների հետ ճիշտ հարաբերություններ հաստատելն է: Մենք ոչ մի տեղ չենք հասնի թշնամանքով:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ